BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արա ԱԼՈՅԱՆ. Դու մատիտով ստորագրեցիր, ես ռետինով կջնջեմ, Լևոն

Արա ԱԼՈՅԱՆ. Դու մատիտով ստորագրեցիր, ես ռետինով կջնջեմ, Լևոն
26.12.2012 | 14:44

1993 թվականին, երբ համայն հայության համար ծանր շրջափուլ էր՝ պատերազմական իրավիճակ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, երբ մշակույթ-օրվա հաց տանդեմում ճաք էր տալիս «ոչ միայն հացիվի» հավատասյունը, նույն թվականին հրաշքի պես էր «Շնորհալիներ-93» համապետական մշակութային մրցույթ-փառատոնը, որտեղ ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի ու սփյուռքի բազմաշնորհ մանուկներն ու երիտասարդները՝ արվեստի ու մարզաշխարհի գրեթե բոլոր ժանրերից:
Դրանցից շատերը, ի դեպ, հետագայում մեծ նվաճումներ ունեցան իրենց ասպարեզներում և այդ առումով այսօր էլ շարունակում են ներկայանալի լինել թե անհատապես, և թե երկրի պատիվը բարձր պահելու առումով: Այդ «ոսկե սերնդի» թվում էր նաև ներկայումս շախմատային օլիմպոսի աներկբա առաջատարներից Լևոնը Արոնյանը:
Բայց խոսքս մեկ այլ «շախմատիստ» Լևոնի մասին է:
Պետության հովանու ներքո անցկացվող վերոնշյալ համահայկական ստուգատեսին, որպես դուդուկահար, պատիվ ունեի մասնակցելու նաև ես: 12-18 տարեկան դուդուկահարների մրցույթում հաջողեցի ի վերջո շրջանցել բոլորին ու դառնալ գլխավոր մրցանակակիր: Ավելին, ինձ տրվեց ու խոստացվեց շարունակաբար՝ երեք տարի հատկացնել բավական պատկառելի գումարային պարգև: Միայն խոստացվեց…..
Բայց սա չէ խնդրո առարկան և այս ամբողջ պատմության հիշատակելի դրվագը:
Ինչ խոսք, փառատոնում հաղթելն ինձ համար հաճելի էր ու պատվաբեր, բայց այդ ամենի մեջ ամենահիշարժանն ու առանձնանշելին այն է, որ ես ինքս պատերազմական, սահմանամերձ շրջանի բնակիչ էի և իմ ամենօրյա կյանքում առերեսվում էի ռմբահարության, մահվան վտանգին, ականատես լինում զինվորական հուղարկավորությունների ու որդեկորույս ծնողների ողբ ու կականին, կրում սոցիալական ու հոգեբանական լրջագույն դժվարություններ: Այդ ամենը, գուցե, հարստացնում էր իմ նվագի զգացմունքայնությունն ու հուզականությունը…
Դափնեկրի հավաստագրի վրա դրված էր ոչ ավելի, ոչ պակաս ՀՀ այդ ժամակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը…մատիտով:
Այո, այո, մատիտո՜վ:
Ասում են մարդու ձեռագիրը մոգական հատկություն ունի: Դրանով հոգեվերլուծողները կարող են ներթափանցել, իմանալ մարդու ներաշխարհն ու տարազան հատկությունները: Գուցե:
Ես հավատում եմ, որ պատերազմական ու սոցիալ-տնտեսական բարդ շրջափուլում երկրի ղեկավարն այլ ու շատ ավելի կարևոր հանձնառություններ ու առաքելություններ ուներ, քան մշակութային անողորմ ծիր շպրտված պարմանիներին, այսպես կոչված, «ինքնագրեր» բաժանելը: Հավատում եմ, որ այդ վկայականները նա ստորագրել է սեղմ ժամկետում, անհավես, ինչպես ասում են՝ ծնկի ծայրին, միջանցքում, մեկից արագորեն փոխառած մատիտով:
Եվ լավ էլ արել է, որ մատիտով է ստորագրել, որովհետև ես այսօր, ոչ հապճեպ, ոչ մանկատարիք տրամաբանությամբ, այլ տարիների հեռվից ու տևական խորհրդածության հանգրվանում, վերցնում եմ ու իմ հաղթանակի վրայից ջնջում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, այնպես, ինչպես մի օր էլ ինձ ջնջելու բարոյական իրավունք է ունենալու, հեռուն չգնամ, իմ դուստրն իսկ, եթե ես նրա մանկապարտեզի վարձի հաշվին ինձ նոր փողկապ առնեմ:

Դիտվել է՝ 3305

Մեկնաբանություններ